Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարծիք է հայտնել, որ լոնդոնյան ակումբը կարող է հաղթել Եվրոպայի լիգայում: Այդ մասին հայ ֆուտբոլիստը հայտարարել է Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչում «Էսթերսունդի» հետ խաղից հետո:
«Արսենալը» հաղթել է 3:0 հաշվով:
Ըստ Մխիթարյանի, «Արսենալը» պետք է կենտրոնանա յուրաքանչյուր խաղի վրա անկախ խաղի արդյունքից, ավելի մեծ հաջողության հասնելու համար, գրում է The Guardian-ը:
«Սա «Էսթերսունդի» հետ առաջին խաղն էր ընդմիջումից հետո: Մենք շարունակում ենք ելույթներն առաջնությունում և լավ խաղավիճակում ենք: Շվեդական թիմը լավն է, լավ պայքարեց, բայց մենք 2 գոլ իրացրեցինք ամենասկզբում, ինչն էլ կանխորոշեց խաղի արդյունքը»,-հայտարարել է Մխիթարյանը:
Պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք «Արսենալը» հաղթել Եվրոպայի լիգայում՝ Մխիթարյանն ասել է. «Ինչո՞ւ ոչ: «Արսենալը» կարող է դա անել: Պետք է շարունակել պայքարը, իսկ արդյունքները կամփոփենք խաղաշրջանի ավարտին»:
Մխիթարյանը 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Էսթերսունդի» հետ խաղում: 84-րդ րոպեին նա փոխարինվել է: