16 փետրվարի 2018 - 16:44 AMT
ՀՀԿ-ական պատգամավոր. Հանրահավաքները նպաստում են թանկացումներին

Երթերն ու հանրահավաքները ոչ թե գնաճի դեմ պայքարի, այլ գնաճի ավելացմանը նպաստող միջոց են։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է «Հանրապետական» խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

«Պետք է աշխատենք աշխատատեղ ստեղծել», - հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավորը՝ ասելով, որ դա գնաճի դեմ պայքարի արդյունավետ միջոցներից է:

Նա նաև անընդունելի է համարել խորհրդարանական ընդդիմության ներկայացրած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը միտված էր, ակցիզային հարկը նվազեցնելու միջոցով, գնաճը մեղմելուն:

«Մարդկության պատմության մեջ գնաճ միշտ եղել է ու լինելու է։ Ուրեմն ինչի՞ դեմ պետք է պայքարենք: Դա պայքարի միջոց չէ, դա աշխատելու միջոց չէ։ Դրանք ընդամենը ականջահաճո խոսակցություններ են, որը ընդամենը գրգռվածություն է ավելացնում ու խոչընդոտում արտադրողականության աճին», - ասել է Մելիքյանը:

ԱԺ-ն մերժել է ԵԼՔ խմբակցության կողմից ներկայացված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ 35 կողմ, 38 դեմ ձայներով:

Ըստ նախագծի հիմնավորման, 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքով բենզինի, դիզելային վառելիքի, սեղմված բնական գազի հարկային բեռի ավելացումը հանգեցրել է այդ և առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների գների բարձրացման: Նոր նախագծի ընդունմամբ՝ ընդդիմադիր պատգամավորները վստահ էին, որ էներգակիրների հարկային բեռը կթեթևանա` նպաստելով դրանց էժանացմանը: