12 մարտի 2008 - 17:18 AMT
Միջազգային հանրության համար Ղարաբաղը չի հանդիսանում թիվ մեկ խնդիրը
Միջազգային հանրության համար Ղարաբաղը չի հանդիսանում թիվ մեկ խնդիրը, ավելի մեծ անհանգստություններ են առաջացնում Մերձավոր Արեւելքը, Ավղանստանը, Կոսովոն եւ այլ խնդիրներ: Այդ մասին հայտարարել է Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտի (IWPR, Մեծ Բրիտանիա) Կովկասի երկրների հարցով խմբագիր Թոմ դե Վաալը: «Ես չեմ կարող հստակ ասել, որ ԱՄՆ-ն կամ Ռուսաստանը բավարար ռեսուրսներ ունեն հակամարտության կարգավորման համար: Իհարկե, արեւմտյան երկրները շատ են վախենում խողովակատարերի համար որեւէ վտանգի առումով: Հիշեցնեմ, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը անցնում է ռազմաճակատից ընդամենը 15 կիլոմետր հեռավորության վրա: Անկասկած, որոշ երկրներ Կովկասում ունեն նաեւ աշխարհառազմավարական շահեր: Տարածաշրջանում հարեւաններ են Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը: Այդ պատճառով, ցանկացած հակամարտություն շատ վտանգավոր է ոչ միայն տարածաշրջանի, այլեւ բոլոր գերտերությունների համար: Ոչ ոք չի ցանկանում պատերազմի վերսկսում: Այլ կողմից, Արեւմուտքը շատ է անհանգստացած Ավղանստանում, Իրանում, Իրաքում, Կոսովոյում առկա իրադրությունների առումով: Կարող եմ վստահորեն ասել, որ այսօր Արեւմուտքը չունի մարդկային եւ այլ ռեսուրսներ Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու համար»,- նշել է նա: Միեւնույն ժամանակ, Թոմ դե Վաալը ընդգծել է, որ ռազմական գործողությունների վերսկսումը Ադրբեջանի կողմից աղետալի կլինի: «Հայաստանը երկար տարիներ պատրաստվում է դրան, ինքն իր ծրագրերն ունի: Չարժէ նաեւ բացառել դիվերսիան խողովակատարերի նկատմամբ: Անգամ Ադրբեջանի նավթային շուկայում խուճապ կսկսվի: Ընդհանրապես ես չգիտեմ մի պատրազմ, որն ավարտվի այնպես, ինչպես ցանկանում են կողմերը»,- ընդգծել է բրիտանացի փորձագետը, գրում է Բաքվի «Զերկալո» թերթը: