23 փետրվարի 2018 - 11:28 AMT
Շուկայում կեղծված կարագ է հայտնաբերվել

ՀՀ ԳՆ սննդամթերթի անվտանգության պետական ծառայությունը փետրվարի 22-ին շուկայում հայտնաբերել է կեղծված կարագ: Այս մասին հայտնում է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ըստ ծառայության տվյալների «Ինտեր Պրուդ» ընկերությունն արտադրում է «Կրեստյանկա» ապրանքանիշի միայն 200 գրամանոց բուսասերուցքային կարագ, որն ունի նաև ԵԱՏՄ համապատասխանության հայտարարագիր: Ծառայության աշխատակիցները, սակայն, շուկայում հայտնաբերել են 1,03 կգ փաթեթավորմամբ «Կրեստյանկա» քաղցրասերուցքային կարագ, որի վրա որպես արտադրող նշված է եղել «Ինտեր Պրուդ» ՍՊԸ-ն: ՍԱՊԾ տեսուչների կողմից հայտնաբերված նմուշը արտաքին շերտի վրա ունեցել է բորբոսի հետքեր:

Հաշվի առնելով, որ 1.03 կգ քաշով կարագը, համաձայն տնտեսավարողի հայտարարության, չի հանդիսանում «Ինտեր Պրուդի» արտադրանքը՝ իրացման ցանցերի պատասխանատուներին կոչ է արվել ձեռնպահ մնալ այն վաճառելուց և առկա խմբաքանակների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցել վերահսկող մարմնին:

Ծառայությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ շուկայում առկա խմբաքանակները հայտնաբերելու ուղղությամբ, որոնց մասին կտեղեկացնի լրացուցիչ: