27 փետրվարի 2018 - 10:38 AMT
2018-ի մայիսից Վրաստանում կարգելեն ծխել հանրային վայրերում

Վրաստանում կարգելեն ծխել հասարակական վայրերում: Վրաստանի խորհրդարանը հաստատել է հակածխախոտային օրենսդրությունը դեռևս 2017-ի մայիսին, սակայն օրենքն ուժի մեջ կմտնի 2018-ի մայիսի 1-ին:

Ըստ փոփոխությունների, երկրում կարգելվի ծխել հասարակական վայրերում՝ բարերում, ռեստորաններում, հյուրանոցներում, սրճարաններում և ցանկացած այլ փակ տարածքում: Բացառություն կարվի միայն բարերի և ռեստորանների բաց պատշգամբների համար: Ըստ փորձագետների, նման խիստ հակածխախոտային օրենք ընդունելով՝ Վրաստանը ձգտում է հասնել եվրոպական չափանիշներին:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր «Ծխախոտի վերահսկման ալյանս» ՈԿԿ ղեկավար Գեորգի Բախտուրիձեն, Վրաստանում ծխում է յուրաքանչյուր երրորդը, իսկ ամեն տարի ծխախոտի օգտագործումից երկրում 11.000 մարդ է մահանում, որոնցից 300-ը՝ երեխա: