27 փետրվարի 2018 - 12:33 AMT
Ռուսաստանում սկսվել են Արամ Խաչատրյանի մասին ֆիլմի նկարահանումները

Ռուսական Յարոսլավլ քաղաքում մեկնարկել են «Սուսերով պարը» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները, որը կլինի առաջին լիամետրաժ կինոնկարը խորհրդային շրջանի մեծագույն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին:

«Ֆիլմի նկարահանումների առաջին շրջանն անցնում է Յարոսլավլում, որտեղ նկարահանվում են Արամ Խաչատրյանի հանդիպումները խորհրդային շրջանի հայտնի ջութակահար Դավիթ Օյստրախի և հայտնի կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչի հետ»,-ասել է կինոժապավենի պրոդյուսեր Տիգրան Մանասյանը, հայտնում է rusarminfo-ն:

Յարոսլավլից հետո 2018-ի ապրիլին նկարահանող խումբը կմեկնի Հայաստան՝ նկարահանումները կանցնեն Երևանում, Դիլիջանում, Խոր Վիրապում:

Ֆիլմի գործողությունները հիմնականում ծավալվում են 1942-ին, երբ Կիրովի անվան (Մարիինյան) թատրոնը տարհանվեց Ուրալ, որտեղ Արամ Խաչատրյանն ավարտին հասցրեց «Գայանե» բալետը: Գործողությունները ծավալվում են նաև Հայաստանում, որտես 1939-ին կոմպոզիտորը գրել է «Երջանկություն» բալետը:

«Սուրերով պարի» ռեժիսորն է դեռևս խորհրդային շրջանից հայտնի Յուսուպ Ռազիկովը: Կինոնկարի արտադրողն է Ռուբեն Դիշդիշյանի «Մարս Մեդիա» ռուսաստանյան ընկերությունը, իսկ հայկական կողմից պրոդյուսերն է Կարեն Ղազարյանը:

Պլանավորվում է, որ Արամ Խաչատրյանին նվիրված առաջին գեղարվեստական ֆիլմն էկրան կբարձրանա 2018-ի վերջին կամ 2019-ի սկզբին: Ֆիլմի ստեղծմանը ֆինանսապես աջակցելու են ՀՀ ու ՌԴ մշակույթի նախարարությունները:

Խաչատրյանը 20-րդ դարի ամենաճանաչված հայ կոմպոզիտորն էր, ինչպես նաև հայկական առաջին բալետի, սիմֆոնիայի, կոնցերտի և ֆիլմի երաժշտության հեղինակը։ Հետևելով ռուսական երաժշտության ավանդույթներին՝ նա իր ստեղծագործություններում օգտագործել է հայկական և կովկասյան, արևելյան և արևմտյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի ժողովրդի ազգային երաժշտությունը: