Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բարձրակարգ ֆուտբոլիստ է և կարող է «Արսենալի» լավագույն խաղացողներից մեկը դառնալ: Այդ մասին հայտարարել է «Լիվերպուլի» լեգենդ և «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Դիթմար Համանը «Արսենալի» հետ Լիգայի գավաթի խաղում պատասխան խաղից առաջ:
«Կարծում եմ, Մխիթարյանը շատ շնորհալի ֆուտբոլիստ է, որի խաղը «Մանչեսթեր Յունայթեդում» այս կամ այն պատճառով չստացվեց, սակայն «հրետանավորները» բարձրակարգ խաղացող ունեցան»,-ասել է Համանը, հայտնում է The Sport Review-ն:
Ըստ Համանի, եթե «Արսենալի» գլխավոր մարզիչ Վենգերին հաջողվի Մխիթարյանից կորզել նրա բոլոր ունակությունները, բազում թիմեր առաջիկա 6-18 ամիսներին կցանկանան ձեռք բերել նրան:
«Կարծում եմ, եթե Մխիթարյանին ճիշտ հունով ուղորդել, մարդիկ կզարմանան, թե որքան լավն է նա»,-ասել է Համանը:
Ավելի վաղ «Արսենալի» լեգենդ, աշխարհի և Եվրոայի չեմպիոն Ռոբեր Պիրեսը ֆուտբոլի մաեստրո էր անվանել Մխիթարյանին: Հայտնի ֆուտբոլիստը վստահ է, որ Մխիթարյանի անցումն «Արսենալ» լիովին կփոխհատուցի Սանչեսի հեռանալը: «Ես սա ասում եմ ոչ թե այն պատճառով, որ Մխիթարյանը հիմա «Արսենալում» է: Նա ինձ նախկինում էլ էր դուր գալիս, երբ խաղում էր Դորտմունդի թիմի կազմում»,-ասել է Պիրեսը՝ հավելելով, որ Մխիթարյանի խաղաոճը հիանալի համադրվում է «Արսենալի» մարտավարության հետ: