28 փետրվարի 2018 - 14:23 AMT
Բեռլինում հարձակվել են Թուրքիայի դեսպանատան վրա

Փետրվարի 27-ին դիմակավորված անհայտ անձինք հարձակվել են Բեռլինում գտնվող Թուրքիայի դեսպանատան շենքի վրա։

Անվտանգության մարմիններին շեղելու նպատակով հարձակումն իրականացնողները դեսպանատան դիմաց նետել են ծխաբեր նռնակներ, իսկ հետո դեսպանատան ուղղությամբ նետել կարմիր, կանաչ և դեղին գույնի ներկեր, հայտնում է Ermenihaber-ը։

Վերոնշյալ գույները խորհրդանշում են «Քրդստանի» դրոշը։ Այդ իսկ պատճառով թուրքական աղբյուրը ենթադրում է, որ հարձակումը իրականացրել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (ՔԱԿ) համախոհները։ Կուսակցությունը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։

Դեսպանատան վրա գրոհողները դիմել են փախուստի։ Զոհեր և վիրավորներ չկան։