6 մարտի 2018 - 14:45 AMT
ՄԱԿ-ը մեղադրել է Մյանմային մահմեդական ռոհինջաների «էթնիկ զտումների» մեջ

Մյանման շարունակում է մահմեդական ռոհինջաների «էթնիկ զտումների» քաղաքականությունը՝ Ռաքհայն գավառում «ահաբեկչության և սովի պարտադրման» արշավ իրականացնելով: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի մարդու իրավունքների գծով օգնական Էնդրյու Գիլմորը՝ դիմելով այդ էթնիկ խմբի անդամներին, որոնք ապաստան են գտել հարևան Բանգլադեշի փախստականների ճամբարներում:

Հակամարտության սկզբից ի վեր Մյանմայից մոտ 700.000 ռոհինջա է փախել Բանդլադեշ: Ըստ Գիլմորի, վերջին շրջանում բռնության եղանակները փոխվել են՝ «դաժան արյունահեղությունն ու զանգվածային բռնաբարությունները» տեղը զիջել են ահաբեկման ու սննդամթերքից զրկելու քաղաքականությանը, գրում է Deutsche Welle-ն:

Հակամարտությունը Մյանմայի Ռաքհայն գավառում երկրի ԶՈւ և մահմեդական ռոհինջաների միջև սրվեց 2017-ի օգոստոսին: Այն ժամանակ զոհվեց 400 մարդ, իսկ հարյուր հազարավորները փախան Բանգլադեշ: Հումանիտար կազմակերպություններին մտահոգում է նրանց վիճակը, քանի որ փախստականների ճամբարում վատ եղանակային պայմաններ են, ջրի ու սննդամթերքի պակաս կա: