7 մարտի 2018 - 12:51 AMT
Պետգույքի վաճառքի առցանց հարթակ կստեղծվի

Կառավարությունը օտարման ենթակա գույքի վաճառքը խթանելու նպատակով առցանց հարթակ ստեղծելու մասին որոշում է ընդունել: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Պետական գույքի վաճառքի առցանց հարթակում ներկայացված կլինեն գույքի ձեռքբերման բոլոր անհրաժեշտ պայմանները, ինչի արդյունքում կպարզեցվի օտարման գործընթացի վարչարարությունը, կկրճատվեն գործարքների կնքման ժամկետները:

Հարթակի միջոցով նախատեսվում է նաև խիստ կրճատել ՀՀ կառավարության անհատական որոշումների թվաքանակը, ինչպես նաև նվազեցնել կառավարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ծանրաբեռնվածությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրանքների ներմուծման և արտահանման փաստաթղթերի հայտարարագրման, թույտվության տրամադրման և այլ անհրաժեշտ ծառայություններ մատուցման մեկ միասնական էլեկտրոնային հարթակ կգործարկվի: