17 մարտի 2008 - 16:00 AMT
Քոնդոլիզա Ռայսն ու Ռոբերտ Գեյթսը Մոսկվայում կքննարկեն ԱՄՆ-ի առաջարկները ՀՀՊ-ի վերաբերյալ
ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Քոնդոլիզա Ռայսը եւ ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը այսօր կժամանեն Մոսկվա` քննարկելու համար ռուս գործընկերների` ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի եւ ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի հետ միջազգային անվտանգության ապահովման հետ կապված հարցեր: «Երկու գումարած երկու» ձեւաչափով հանդիպումը տեղի կունենա հաջորդ օրը` երեքշաբթի: Քննարկվելիք թեմաների թվում են հակահրթիռային պաշտպանության, հարձակողական սպառազինության կրճատման մասին պայմանագրի եւ Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի ապագան:

Ինչպես ռուս լրագրողներին է հայտնել այցի նախօրեին ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան մի պաշտոնյա, ամերիկացիները բերում են այն առաջարկները, որոնց մասին խոսում էին անցյալ տարվա հոկտեմբերին: Ըստ դիվանագետի, այդ առաջարկները նախատեսում են ռուս սպաների ներկայությունը ՀՀՊ օբյեկտներում Լեհաստանում, Չեխիայում, ռադարի արգելափակում այնպես, որ այն ուղղված չլինի Ռուսաստանի տարածքի վրա, ինչպես նաեւ որ հրթիռները չտեղակայվեն հորերում:

«Դրանք վստահության միջոցառումներ են, որոնք ստացել են ռուսական կողմի հավանությունը, քանի որ տեղավորվում են Մոսկվայի առաջարկների հունի մեջ: Դա մեզ գոնե հնարավորություն կտա տեսնել, որ այն, ինչ ԱՄՆ-ն անում է միակողմանի կարգով Ռուսաստանի կամքին հակառակ, ուղղակի սպառնալիք չի ներկայացնում մեր երկրի համար տվյալ պահին»,-ասել է աղբյուրը:

Օրակարգում են նաեւ ռուս-ամերիկյան նախաձեռնությունները զենքի չտարածման ոլորտում, համագործակցությունը խաղաղ ատոմի ոլորտում, պայքարը ահաբեկչության դեմ, միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության արդիական հարցեր, հաղորդում է ԱԳՆ-ն, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: