9 մարտի 2018 - 13:21 AMT
Al Jazeera-ն պատմել է Արցախն ականազերծող կանանց մասին

Al Jazeera միջազգային լրատվամիջոցը անդրադարձել է Արցախն ականազերծող կանանց: Հեղինակ Էվա Քլիֆորդը պատմում է, որ կանայք այստեղ, անտեսելով կնոջ «ավանդական դերերը», կարողանում են գումար վաստակել իրենց ընտանիքների համար, ինչպես նաև մեծ ծառայություն մատուցել հանրությանը:

«Բերձորի հովտում տեղեկայված բազային ճամբարում Նարինե Ասատրյանը պատմեց ինձ, որ ական հայտնաբերելիս աննկարագրելի զգացողություններ է ունենում», - գրում է հեղինակը, հավելելով, որ Նարինեն Արցախում ականազերծման գործունեությամբ զբաղվող The HALO Trust կազմակերպության ականազերծողներից է:

Ալվինան փնտրում է PMN-2 ականը Մարզիլի գյուղում: Խորհրդային միությունում արտադրված այս ականները կիրառվել են Արցախյան պատերազմի ընթացքում (1988-1994): Ականը կարող է լրջորեն վիրավորել չափահասի և երեխա սպանել:

Կազմակերպության ականազերծողներից Ինգա Ավանեսյանն էլ պատմել է ականազերծման դժվարությունների մասին: Նրա խոսքով, հաճախ աշխատում են էքստրեմալ եղանակային պայմաններում:

Պատերազմի ժամանակ այստեղ ռազմական դիրքեր են եղել: Մոտակա գյուղն ընդամենը 1,2 կմ հեռավարության վրա է այս տարածքներից, երեխաներն էլ հաճախ են գալիս այստեղ խաղալու: Թիմն իրականացնում է հետևողական աշխատանք, համոզվելու համար, որ տարածքը մաքուր է ականներից՝ նրա բնակիչների շահագործամնն այն հանձնելուց առաջ:

Հեղինակը գրում է, որ Արցախի բնակիչները «պատերազմի հետքերից» տասնամյակներ շարունակ մեծ վնասներ են կրել: