9 մարտի 2018 - 17:42 AMT
Թրամփը հայ դերասանուհու է սիրահետել՝ առաջարկելով ԱՄՆ տեղափոխվել

Ամերիկացի հեղինակներ Մայքլ Իսիքոֆը,Դևիդ Քորնը և Մաթեր Ջոնսը «Ռուսական ռուլետկա. ԱՄՆ-ի դեմ Պուտինի հայտարարած պատերազմի և Դոնալդ Թրամփի ընտրվելու մասին պատմությունը» վերնագրով գրքում մի շարք ուշագրավ դրվագներ են բացահատել 2013 թվականին Մոսկվայում ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կազմակերպած «Միսս տիեզերք» մրցույթի և դրան հաջորդած երեկույթի վերաբերյալ: Այս մասին գրում է Yahoo News-ը:

Գրքում նկարագրվում է, թե ինչպես է երեկույթի ընթացքում հայազգի 26-ամյա դերասանուհի Էդիտա Շահումյանը գրավել այն ժամանակ դեռևս գործարար Թրամփի ուշադրությունը: Թրամփը մոտեցել է Շահումյանին և, ցույց տալով ռուսաստանցի հայտնի ռեփեր Տիմատիին, հարցրել է, թե արդյո՞ք վերջինս դերասանուհու ընկերն է, իսկ Շահումյանը բացասական պատասախան է տվել՝ ասելով, որ Տիմատիի ընկերուհին չէ:

Այդ ժամանակ Թրամփին է մոտեցել նրա հետ լուսանկարվել ցանկացող մի կին. նա այդ պահին բռնել է հայ դերասանուհու ձեռքը՝ չթողնելով նրան հեռանալ: Դրանից հետո Շահումյանը Թրամփի հետ մի քանի սելֆի է արել: «Դուք շատ գեղեցիկ եք, հատակապես Ձեր աչքերը»,- հաճոյախոսություններ է շռայլել Թրամփը Շահումյանին՝ առաջարկելով նրան գնալ իր հետ ԱՄՆ: Շահումյանն էլ հակադարձել է, թե ինքը հայուհի է, և հայուհիները շատ ավանդապաշտ են: «Դուք պետք է հանդիպեք իմ մայրիկի հետ»,- ասել է նա:

Նշվում է, որ հանդիպումից հետո Թրամփն ինչ-որ մեկի միջոցով իր այցեքարտն է փոխանցել դերասանուհուն, սակայն, ըստ գրքի, վերջինս այդպես էլ չի զանգահարել: