14 մարտի 2018 - 13:29 AMT
Կոսաչով. Կադրային հարցերը Հայաստանի ներքին գործն են

Նախագահի և վարչապետի ընտրությունը ՀՀ ինքնիշխան ընտրությունն է: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը ՀՀ ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ:

Այն հարցին, թե ինչպես է ռուսական կողմը վերաբերվում ՀՀ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի հավանական ընտրությանը, Կոսաչովն ասել է, որ դիվանագիտական և խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որևէ նշանակում, քանի դեռ այն ուժի մեջ չի մտել, հայտնում է Sputnik Արմենիան:

Ինչ վերաբերում է իշխանական համակարգի վերափոխումներին, ապա ռուսական կողմն ուշադիր հետևում է դրանց ու կարծում է, որ Հայաստանի ժողովուրդը սատարում է այդ բարեփոխումներին: Այդ են վկայում սահմանադրական հանրաքվեի արդյունքները:

«Ռուսաստանի համար դա Հայաստանի ընտրությունն է, որը ՌԴ-ն, անկասկած, հարգում է: Իսկ կադրային հարցերը զուտ Հայաստանի ներքին գործն են, նրա ինքնիշխան ընտրությունը: Վստահ եմ, որ այն արվելու է ժողովրդավարական ճանապարհով, ըստ Հանրապետության Սահմանադրության, և ՌԴ-ն վստահաբար հարգելու է այդ ընտրությունը»,-ասել է Կոսաչովը:

2018 թվականին ավարտվում են գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորություններն, որից հետո ՀՀ-ն անցնում է խորհրդարանական կառավարման՝ վարչապետի լայն իրավասություններով:ՀՀ-ում տևական ժամանակ քննարկվում է՝ արդյոք գործող վարչապետը կշարունակի պաշտոնավարել, թե կզիջի պաշտոնը գործող նախագահին: