15 մարտի 2018 - 10:34 AMT
ՀՀ-ն ու Դանիան կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր են ստորագրել

Հայաստանն ու Դանիան կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր են ստորագրել: Մարտի 14-ին Կոպենհագենում պաշտոնական այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Դանիայի պետական եկամուտների նախարար Կարստեն Լորիտզենի հետ:

Զրուցակիցները քննարկել են հայ-դանիական առևտրատնտեսական կապերի խթանմանն առնչվող հարցեր: Նախարարներն համակարծիք էին, որ համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձևավորումը կնպաստի գործարար շփումների ընդլայնմանը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանը և Կարստեն Լորիտզենը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան: