15 մարտի 2018 - 11:10 AMT
ՀՀ-ն և Դանիան դյուրացնում են վիզաների տրամադրումը

ՀՀ ԱԳ նախարարի այցը Դանիա նոր լիցք կհաղորդի հայ-դանիական հարաբերություններին: Այդ մասին հայտարարել է Դանիայի արտգործնախարար Անդերս Սամուելսենը՝ ընդունելով Էդվարդ Նալբանդյանին:

Նախարար Նալբանդյանը նշել է, որ կոպենհագենյան հանդիպումները լավ հնարավորություն են ընձեռում քննարկելու Հայաստանի և Դանիայի միջև փոխգործակցության առավել ամրապնդման և խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող համատեղ ծրագրերը:

Հայաստանի և Դանիայի արտգործնախարարները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-դանիական օրակարգային հարցերին, մտքեր փոխանակել տարբեր բնագավառներում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության առավել զարգացման ուղիների շուրջ:

Հայաստանի և Դանիայի ԱԳ նախարարները քննարկել են եկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացման, առևրտատնտեսական կապերի աշխուժացման, միջազգային կառույցներում համագործակցության վերաբերյալ հարցեր: Երկուստեք նշվել է բարձրաստիճան փոխայցելությունների և շփումների կարևորությունը: Այս համատեքստում արտգործնախարարներն ընդգծել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների պարբերաբար անցկացման կարևորությունը:

Նալբանդյանի Դանիա այցի շրջանակներում նախատեսվում է ստորագրել 3 համաձայնագիր:

Էդվարդ Նալբանդյանը գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ կառավարության նիստում ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասել էր, որ Հայաստանի քաղաքացիները կկարողանան 180 օրվա ընթացքում մինչև 90 օր մնալ Դանիայում և շենգենյան գոտու այլ երկրների տարածքում: «Դյուրացումը վերաբերում է գիտնականներին, ՀԿ-ների ներկայացուցիչներին, պատվիրակության անդամներին»,- ասել էր նա:

Հայաստանն ու Դանիան նաև կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր են ստորագրել: