ՀՀ առողջապահության նախարարությունը աշխատանքային խումբ է ստեղծել՝ «Արմենիկումի» արտադրությունն ու սպառումը խթանելու նպատակով: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նախարարությունում միտված են նպաստել «Արմենիկումի» համաշխարհային ճանաչմանը:
Խմբում ընդգրկված են առողջապահության նախարարության և ոլորտի առաջատար մասնագետները, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության և «Արմենիկում» կենտրոնի ներկայացուցիչները:
Ավելի վաղ, Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում քննարկել էին «Արմենիկում» կլինիկական կենտրոնի հետագա ճակատագրի, «Արմենիկում» դեղամիջոցի հեռանկարների և ՀՀ առողջապահության նախարարության կողմից կենտրոնին տրվող պետական ֆինանսավորման դադարեցման և կենտրոնի հնարավոր փակման հարցերը:
«Արմենիկումի» ստեղծման մասին հայտնի դարձավ 1998 թ., իսկ գրանցվեց Հայաստանում 1999թ-ից։ Անցկացվել են անհրաժեշտ նախակլինիկական և կլինիկական փորձարկումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ արտերկրում, մասնավորապես Ռուսաստանում։ Մինչև օրս դեղամիջոցը կիրառվում է բազմաթիվ վարակիչ հիվանդություններով, իմունային համակարգի ախտահարումներով, ինչպես նաև ՄԻԱՎ վարակով տառապող հիվանդների բուժման համար։