17 մարտի 2018 - 16:01 AMT
Արմեն Սարգսյանին շնորհավորել են Դոնալդ Տուսկն ու Ժան-Կլոդ Յունկերը

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը շնորհավորական ուղերձ են հղել Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: Այս մասին հայտնում է նախագահի գրասենյակը:

«Հայաստան- ԵՄ հարաբերությունները վերջին ամիսներին մեծ առաջընթաց են գրանցել՝ 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրելով Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Մենք ակնկալում ենք սերտորեն գործակցել Ձեզ հետ՝ կոնկրետ ձև տալու այդ հանձնառություններին՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ընդհանուր արժեքների վրա և առաջ մղելու մեր հավակնոտ օրագիրը»,- նշել են եվրոպացի բարձրաստիճան դիվանագետները:

Նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ են հղել նաև Լատվիայի Հանրապետության նախագահ Ռայմոնդս Վեյոնիսը, Տաջիկստանի Հանրապետության Նախագահ Էմոմալի Ռահմոնը, Օմանի Սուլթանության Սուլթան Քաբուս Բեն Սայիդ ալ Սայիդը, Լաոսի ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության նախագահ Բոունհենգ Վորաչիդը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր տիկին Դելֆին Օն։