19 մարտի 2018 - 18:34 AMT
Պուտինը Գյումրիում 95% ձայն է հավաքել

Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ 95% ձայն է հավաքել Գյումրիում: Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը:

Գյումրիում ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցել է ավելի քան 1300 քաղաքացի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում Ռուսաստանի դեսպանատանը ՌԴ նախագահի ընտրություններին մասնկակցել է մոտ 5000 ՌԴ քաղաքացի: ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղար Վերոնիկա Արթենյանի խոսքով, դեսպանատանը քվեարկությանը մասնակցած ՌԴ քաղաքացիների մոտ 90%-ն ընտրել է Վլադիմիր Պուտինին:

Հայաստանում մշտապես բնակվող կամ ժամանակավորապես գտնվող Ռուսաստանի քաղաքացիները քվեարկել են երկու հիմնական ընտրատեղամասերում՝ Երևանում ռուսական դեսպանատանը և Գյումրիում գլխավոր հյուպատոսությունում:

Մարտի 18-ին կայացած ՌԴ նախագահի ընտրությունների ձայների հաշվարկի արդյունքում հաղթել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ձայների ավելի քան 76%-ը հավաքելով: Ընդամենը նրան քվեարկել է ավելի քան 55 մլն քաղաքացի:

Երկրորդ հորիզոնականում կոմկուսի թեկնածու Պավել Գրուդինինն է ձայների 11,82%-ով, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին ստացել է քվեների 5,68%-ը, հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը չորրորդն է 1,66%-ով: ՅԱԲԼՈԿՈ կուսակցության ղեկավար Գրիգորի Յավլինսկին ստացավ քվեների 1,04%-ը: Բորիս Տիտովը, Մաքսիմ Սուրայկինի ու Սերգեյ Բաբուրինի քվեները կամզմել են համապատասխանաբար 0,75%, 0,68% և 0,65%: