Ապրիլ-հոկտեմբեր ամիսներին Մատենադարանի ցուցադրությունները բաց կլինեն նաև կիրակի օրերին: Այս մասին հայտնում է Մատենադարանի պաշտոնական կայքը:
«Հաշվի առնելով Հայաստանում զբոսաշրջիկների հոսքերի ընդլայնման միտումները՝ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ 2018 թվականի ապրիլ-հոկտեմբեր ամիսներին Մատենադարանի մշտական և ժամանակավոր ցուցադրությունները (թանգարանային համալիր, 3-րդ հարկ) բաց են լինելու նաև կիրակի օրերին (ժամը 10:00-17:00)»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Մատենադարանի թանգարանային համալիրը, որը գտնվում է հին կոթողային շենքում, նախկին 1 ցուցասրահի փոխարեն այժմ բաղկացած է 15 ցուցասրահներից, որտեղ ներկայացվում են հազարավոր ցուցանմուշներ՝ նախատեսված ժամանակավոր, փոփոխական և բացառիկ ցուցադրությունների համար։ Մատենադարանի մոտ 20.000 ձեռագրային շտեմարանից ցուցադրվում են ձեռագրերի պատառիկներ, վավերագրեր, հնատիպ գրքեր, թանկարժեք կազմերի նմուշներ, առանձին մանրանկարներ և այլն: