Գերմանիայում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարի նախավերջին՝ 13-րդ տուրում, Լևոն Արոնյանը պարտվել է Ֆաբիանո Կարուանային: Արոնյանը 8-րդ հորիզոնականում է 4 միավորով:
Մարտի 27-ին Բեռլինում կկայանա հավակնորդների մրցաշարի վերջին, որոշիչ տուրը։ Հիմնական պայքարն ընթանում է Կարուանայի (8 միավոր), Մամեդյարովի (7․5 միավոր) և Կարյակինի (7․5 միավոր) միջև:
14-րդ տուրում Արոնյանը կխաղա Ուեսլի Սոյի հետ։
Սերգեյ Կարյակինի հակառակորդը Դին Լիժենն է։ Ոչ ոքիի դեպքում նրա շանսերը փոքրանում են, քանի որ Մամեդյարովի հետ հավասար միավորների դեպքում հաշվի կառնվի վերջինիս հաղթանակը և նախապատվությունը կտրվի Մամեդյարովին։ Իսկ հաղթանակի դեպքում ռուս գրոսմայստերի շանսերը մեծ են։ Բացի այդ, առաջատար եռյակում Կարյակինը միակն է, որ խաղալու է սպիտակներով, հայտնում է chess.am-ը։
Կարուանան ուժերը կչափի Գրիշչուկի հետ։ Վերջինս մրցաշարում հաղթելու հավակնություններ չունի, սակայն խաղի արդյունքը կարող է որոշիչ լինել Գրիշչուկի հայրենակցի՝ Կարյակինի համար։
Մամեդյարովի հակառակորդը Վլադիմիր Կրամնիկն է:
Թայ-բրեյքն անցկացվում է 3 փուլով՝ երկու պարտիա 25+10 ժամակարգով, որից հետո հավասար արդյունքի դեպքում ևս երկու պարտիա 5+3 ժամակարգով, որից հետո, հավասար միավորների դեպքում խաղացվում է վերջին, որոշիչ պարտիան։