27 մարտի 2018 - 13:39 AMT
Միշել Լեգրանը ՌԴ Պատվո նշան է ստացել

Հայտնի կոմպոզիտոր, դաշնակահար, հայկական արմատներ ունեցող Միշել Լեգրանը ՌԴ-ում պարգևատրվել է Պատվո նշանով՝ «Ռուաստանյան մշակույթում ավանդի համար»: Պարգևատրման հանդիսավոր արարողությունը կայացել է Փարիզում:

ՌԴ Պատվո նշանով է պարգևատրվել նաև հայտնի ֆրանսիացի կինոռեժիսոր Կլոդ Լելուշը, որի ֆիլմերը համաշխարհային կինոյի ոսկե ֆոնդում են:

Հանձնելով պարգևները՝ Ֆրանսիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Մեշկովն ասել է, որ հայտնի վարպետների ստեղծագործությունները լավ են ճանաչում և բարձր են գնահատում Ռուսաստանում: «Այս պարգևը Ռուսաստանի մշակույթում նշանակալի ավանդի համար է»,-ասել է դիվանագետը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Միշել Լեգրանը Ֆրանսիայի և ՌԴ միջև մշակութային փոխանակումների ամենաակտիվ և հայտնի մասնակիցներից է, որին նպաստում է արդեն մոտ 6 տասնամյակ: Կոմպոզիտորը, որը փետրվարին նշեց իր 86-ամյակը, մրսածության պատճառով չի կարողացել անձամբ մասնակցել արարողությանը: Պարգևն իր անունից ստացել է նրա կինը՝ ծագումով ռուս կինոդերասան և գրող Մաշա Մերիլը (Գագարինա):

Միշել Ժան Լեգրանը հայտնի կոմպոզիտոր է, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ, ԱՄՆ ազգային կինոմրցանակի՝ «Օսկար»-ի եռակի, «Գրեմմի»-ի հնգակի և «Ոսկե գլոբուս»-ի դափնեկիր։Գրել է ավելի քան 200 երգ կինոֆիլմերի և հեռուստաֆիլմերի համար: