Ղազախստանցի սահմանապահները կրակ են բացել ադրբեջանցի որսագողերի ուղղությամբ, որոնք ապօրինի ձկնորսությամբ էին զբաղվում Կասպից ծովում: Սահմանապահները մոտ 1 ժամ հետապնդել են իրավախախտներին, որոնք փորձել են մոտորանավակով փախչել սահմանապահ նավից:
«Ադրբեջանցի որսագողերը չեն հանձնվել սահմանապահներին նույնիսկ զգուշացնող կրակոցներից հետո: Նրանք կանգ են առել միայն այն ժամանակ, երբ սահմանապահները կրակել են մոտորանավակի շարժիչներին»,-ասվում է որսագողերի ձերբակալման մասին ռեպորտաժում, գրում է Haqqin.az-ը ղազախական KTK հեռուստաալիքի վրա հղումով:
Արդյունքում Ղազախստանի սահմանապահները 4 անձի են ձերբակալել, տարել են նրանց նավահանգիստ և հանձնել ոստիկանությանը:
Որսագողերի դեմ 2 քրեական գործ է հարուցվել՝ նրանց մինչև 5 տարի ազատազրկում է սպառնում սահմանն ապօրինի հատելու և արժեքավոր ցեղատեսակների ձուկ ապօրինի որսալու համար: