28 մարտի 2018 - 12:13 AMT
Կալիֆորնիայի խորհրդարանում Ցեղասպանության զոհերի ոգեկոչման բանաձև է ներկայացվել

Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի անդամ Լորա Ֆրիդմանը ներկայացրել է բանաձև, որով 2018 թվականի ապրիլի 24-ը հռչակվում է նահանգում Հայոց Ցեղասպանության 103-րդ տարելիցի ոգեկոչման օր։ Այս մասին հայտնում է Asbarez-ը:

Ֆրիդմանին են միացել նահանգի օրենսդիր մարմնի հայկական համախմբի անդամ Ադրին Նազարյանը, ինչպես նաև պատգամավորներ Սքաթ Ուիլքն ու Էնթոնի Պորտանտինոն։

Ֆրիդմանը հիշեցրել է, որ հայաշատ Գլենդելի և Կալիֆորնիայի տարածքի հայերը ապրիլի 24-ին ոգեկոչում են հայ ժողովրդի նկատմամբ կատարված ոճրագործությունները:

«Այս բանաձևը ևս մեկ առիթ է Կալիֆորնիայի ժողովրդի համար հարգանքի տուրք մատուցելու միլիոնավոր հայ զոհերին, և պահանջել իշխանություններից դատապարտել Ցեղասպանությունը ժխտելու յուրաքանչյուր փորձ»,- ասել է նա: Ֆրիդմանը բանաձևը կընթերցի ապրիլի 23-ին՝ խորհրդարանում նախատեսված քվեարկության ժամանակ: