28 մարտի 2018 - 18:33 AMT
ՀՀ-ում շենգենի դիմումներն ապրիլից կընդունի ռուս-թուրքական ընկերությունը

2018 թվականի ապրիլի 3-ից Հայաստանում Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի համար շենգենյան վիզայի դիմումները կընդունի ոչ թե Գերմանիայի դեսպանատունը, այլ «ՎիզաՄետրիկը», որը ռուս-թուրքական կոնսորցիում է: Yerevan Today-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը։

Դեսպանը նշել է, որ կազմակերպությունը գտնվում է Թուրքիայում: Նա վստահեցրել է, որ այն երկարամյա փորձ ունի, այդ պատճառով էլ շահել է վիզայի ծառայություն մատուցելու մրցույթը:

Դիտարկմանը, թե հաշվի չեն առել արդյոք, որ Հայաստանը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, և որ շատ ՀՀ քաղաքացիների կարող է անհանգստացնել իրենց անձնական տվյալների անվտանգության խնդիրը, դեսպանը պատասխանել է, որ անձնական տվյալների պաշտպանությունն իրենց համար շատ բարձր արժեք է: «Մենք կարող ենք երաշխավորել, որ որևէ տվյալ դուրս չի գա: Գրասենյակը ղեկավարելու է հայ ներկայացուցիչ, և այնտեղ աշխատողները բացառապես ՀՀ քաղաքացիներ են լինելու», - ասել է նա:

Դեսպանի խոսքով, Գերմանիային վերաբերող վիզաների դիմումների ընթացակարգը մնալու է բացառապես Գերմանիայի դեսպանության գործունեության շրջանակում:

«Ես ուզում եմ շատ հստակ շեշտել, որ այդ վիզաների տրամադրման մասին որոշումը տրվում է բացառապես Գերմանիայի դեսպանատան աշխատակիցների կողմից»,- նշել է Մաթիաս Քիսլերը՝ հավելելով, որ վիզաների տրամադրումը կենտրոնների միջոցով կազմակերպելու պատվիրակումը միայն Հայաստանին չի վերաբերում, կան այլ երկրներ ևս, որտեղ Գերմանիան քաղաքացիներին տրամադրում է վիզաներ կազմակերպության միջոցով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլից Երևանում շենգենյան վիզայի համար ներկայացված դիմումները (Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի համար) կընդունվեն ոչ թե Գերմանիայի դեսպանության, այլ առանձին սպասարկող ընկերության՝ «ՎիզաՄետրիկի» կողմից:

Այս քայլը միտված է դիմումների սպասելաժամանակի կրճատմանը: Ներկայում դեսպանության առցանց գրանցման համակարգում Շենգենյան վիզայի համար 2018 թվականի ապրիլից սկսած այլևս պայմանավորվածություն ամրագրելու հնարավորություն չկա: Յուրաքանչյուր դիմումի մուտքագրման համար «ՎիզաՄետրիկը» գանձում է 20 եվրոյին համարժեք սպասարկման վճար՝ հայկական դրամով: