2 ապրիլի 2018 - 15:08 AMT
Թուրքական դատարանը լրագրող Հայկո Բաղդատին ձերբակալելու որոշում է կայացրել

Ստամբուլի դատարանը պոլսահայ հայտնի լրագրող Հայկո Բաղդատին կալանավորելու որոշում է կայացրել՝ նրան մեղադրում են երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեջ: Որոշումը հեռակա է կայացվել, քանի որ Բաղդատը հեռացել է երկրից, գրում է թուրքական Ahval թերթը:

Հայկո Բաղդադտը ստիպված է եղել հեռանալ Թուրքիայից իշխանությունների հետապնդումների պատճառով: Նա գտնվում է Գերմանիայում, որի իշխանությունները հրաժարվել են հետաքննել լրագրողին:

«Ես ապրում եմ Գերմանիայի պաշտպանության ներքո»,-ասել էր Բաղդատը ԶԼՄ-ներին:

Բաղդատի դեմ քրեական գործ է հարուցված Թուրքիայի ՔՕ 299 հոդվածով՝ վիրավորանք նախագահի հասցեին, որով նրան մինչև 4 տարվա ազատազրկում է սպառնում,:

2015-ին Բաղդատը հոդված էր հրապարակել թուրքական մամուլում՝ ի պաշտպանություն իր գործընկեր Ահմեդ Հաքանի, որը գրում էր Էրդողանի հակասիրիական քաղաքականության մասին, սպառնալիքներ էր ստանում հեռախոսով, ենթարկվել էր ծեծի: Բաղդատը գրել էր, թե առաջին հարվածը Հաքանին հասցրել էր Էրդողանը, իսկ իշխանամետ ԶԼՄ-ները շարունակել են նրա հալածանքներն ՝ անվանելով դավաճան ու օտարազգի: