2 ապրիլի 2018 - 17:46 AMT
Իսրայելցի նախարար. Իսրայելը պետք է ճանաչեր Հայոց ցեղասպանությունը

Իսրայելի հանրային անվտանգության նախարար Գիլադ Էրդանը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հակաիսրայելական հայտարարությունների համար՝ նրան անվանելով «հակասեմիտ»: Նա ասել է նաև, որ Իսրայելը պետք է ճանաչած լիներ Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է The Jerusalem Post պարբերականը:

Տեղական ռադիոկայաններից մեկին տված հարցազրույցում իսրայելցի նախարարն ասել է, որ Իսրայելը պետք է միջազգային հարթակում քայլեր ձեռնարկեր Թուրքիայի նկատմամբ, որն աջակցում է պաղեստինական «Համաս» կազմակերպության գործողությունները Երուսաղեմում:

Աղբյուրը նշում է, որ չնայած Իսրայելն ունի բավականին մեծ հայկական համայնք, պետությունը դեռևս չի ճանաչել 1915-1917 թվականների հայկական կոտարածները որպես ցեղասպանությունը:

Ավելի վաղ, Թուրքիայի նախագահն «ահաբեկիչ» էր անվանել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին՝ Գազայի իրադարձությունների համար: Նեթանյահուն էլ պատասխանել էր, որ նա չի պատրաստվում բարոկայանության դասեր լսել մի երկրից, որն Աֆրինում քաղաքացիական բնակչությանն է թիրախավորում: