4 ապրիլի 2018 - 14:54 AMT
Իբրահիմովիչը կարող է չմասնակցել ԱԱ-2018-ին ՖԻՖԱ-ի կանոնների պատճառով

Ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է զրկվել ԱԱ-2018-ին մասնակցելու հնարավորությունից, քանի որ բաժնեմաս ունի բուքմեքերական Bethard ընկերությունում: Դա հակասում է ՖԻՖԱ-ի կանոններին:

«Ըստ ՖԻՖԱ-ի կանոնների մարզիկը չի կարող ուղիղ կամ անուղղակի բաժնետոմսեր ունենալ բուքմեքերական գրասենյակներում: Այս կանոնները միասնական են բոլոր ֆուտբոլիստների համար, որոնք ցանկանում են մասնակցել աշխարհի առաջնությանը»,-ասել է Շվեդիայի ֆուտբոլային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Հոքան Սյոսթրանդը:

Bethard -ի ղեկավարները պատրաստ են օգնել Իբրահիմովիչին, եթե նա որոշոի խաղալ Շվեդիայի հավաքականի կազմում:

«Հիմա այդպիսի հարց չկա, չէ որ Զլատանն ավարտել է կարիերան հավաքականում: Եթե նա փոխի որոշումը, մենք, անշուշտ, կլուծենք այդ խնդիրը»,-ասել է ընկերության գլխավոր տնօրեն Էրիկ Սքարփը:

Մարքեթինգային տնօրեն Յան Լինդոուն Aftonbladet-ին տված հարցազրույցում ասել է. «Եթե Զլատանը ցանկանա մասնակցել ԱԱ-ին, մեր գլխավոր սեփականատերերից մեկը կգնի նրա բաժնեմասը»:

Իբրահիմովիչն ավարտել է կարիերան Շվեդիայի հավաքականում Եվրո-2016-ից հետո, սակայն հայտարարել է ԱԱ-2018-ին հնարավոր մասնակցության մասին: Շվեդիան ԱԱ-ում կխաղա Հարավային Կորեայի, Գերմանիայի և Մեքսիկայի հետ նույն խմբում: