6 ապրիլի 2018 - 15:36 AMT
Երևանի երաժշտական և արվեստի դպրոցներում ֆրանսիական մշակույթի օրեր են

Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին ընդառաջ ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցներում շարունակվում են ֆրանսիական մշակույթի օրերը:

Ալեքսանդր Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցում կազմակերպված դասական երաժշտության երեկոյի ընթացքում կրթօջախի լավագույն սաները ներկայացրել են ֆրանսիացի դասական հեղինակների ստեղծագործությունները՝ վոկալ, գործիքային և փողային նվագախմբի կատարմամբ, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Սարգիս Բարխուդարյանի անվան արվեստի դպրոցում ներկայացվել է «Մի օկտավա ֆրանսերեն» խորագրով միջոցառումը: Գործիքային, պարարվեստի, վոկալ-էստրադային և թատերական բաժնի սաները հանդես են եկել հետաքրքիր համարներով: Միջոցառման ավարտին ներկայացվել է նաև հատված Անրի Վեռնոյի «Մայրիկ» վեպից: