7 ապրիլի 2018 - 12:15 AMT
Երևան կգան Տոտտին, Մալդինին, Ռիվալդոն և այլ աստղեր

Համաշխարհային ֆուտբոլի աստղերը կհավաքվեն Երևանում՝ ռուսաստանաբնակ գործարար, հայկական «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հրավերով:

Գործարարն ասել է, որ իրենց մասնակցությունը հաստատել են Ֆրանչեսկո Տոտտին, Պաոլո Մալդինին, Լյուդովիկ Ժյուլին, Յուրի Ջորկաեֆը, իսկ Լատինական Ամերիկայի երկրներից՝ Էրնան Կրեսպոն, Խավիեր Սանետտին, Ռիվալդոն: Սողոմոնյանը նշել է, որ նրանցից շատերի համար դա առաջին այցը կլինի Հայաստան:

«Այս տարի աշխարհի առաջնությունը Ռուսաստանում է անցնելու, և ես ուղղակի օգտվեցի առիթից և որոշեցի այդ առաջնության մի մասնիկը Հայաստան բերել՝ ֆուտբոլային տոն կազմակերպել: Առաջին անգամ ԱԱ ժամանակ զուգահեռ լեգենդների հանդիպում կանցկացվի, որին կմասնակցեն ֆուտբոլի աստղերը»,-ասել է Սողոմոնյանը, հայտնում է Rusarminfo-ն:

«2015-ին շատ լավ անցավ ԽՍՀՄ և աշխարհի հավաքականների հանդիպումը: Բուն խաղից բացի եղան այցելություններ պատմամշակութային վայրեր, Ծիծեռնակաբերդ: Ամեն ինչ շատ բարձր մակարդակով անցավ: Ֆուտբոլիստներն, որոնք մասնակցել են այն ժամանակ, ուրախ կլինեն մեկ անգամ ևս Հայաստան այցելել, իսկ մյուսներին գրավել են կարծիքներն այդ միջոցառման մասին»,-ասել է Սողոմոնյանը:

Լատինական Ամերիկայի և Եվրոպայի հավաքականների միջև համաշխարհային ֆուտբոլի «Լեգենդների հանդիպումը» տեղի կունենա Երևանում հուլիսի 8-ին, իսկ ամբողջ հասույթը կուղղվի բարեգործական նպատակներին: