9 ապրիլի 2018 - 14:40 AMT
ՔՊ-ի անդամի խոսքերով, իր տան դռան առջև գլխատված թռչուն են թողել. Փաշինյանը կտրատած «Սնիկերս» կթողնի Շարմազանովի տան դիմաց

Ապրիլի 9-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Իմ քայլը» նախաձեռնության անդամ Արփի Դավոյանի տան դռան առջև գլխատված թռչուն է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակը»:

Դավոյանի փոխանցմամբ, գլխատված ճնճղուկը հայտնաբերել է մայրը:

«Առավոտյան մայրս գնում էր աշխատանքի, դուռը բացեց ու միանգամից հետ քաշվեց: Տեսանք, որ գլխատված ճնճղուկ էր, փետուրները հանած: Իտալական մաֆիան գլխատված ձուկ էր ուղարկում մարդկանց, ինչը նախազգուշացում էր, հիմա բավարարվել են ճնճղուկով»,- պատմեց Դավոյանը՝ հավելելով, որ իր կարծիքով՝ սա զգուշացում է, վախեցնելու միջոց՝ հաշվի առնելով իր քաղաքացիական գործունեությունը:

Անդրադառնալով միջադեպին՝ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերով հայտարարել է, որ յուրաքանչյուր գործողություն ստանալու է իր պատասխանը:

«Այսօր ես կկազմակերպեմ գործողություն, և Շարմազանովի դռան առաջ կտրատած սնիկերս կդնենք՝ ի պատասխան գլխատված թռչունի», - ասել է Փաշինյանը:

Ավելի վաղ, ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը իր համախոհների հետ քայլարշավ է սկսել Գյումրիից Երևան՝ ընդդեմ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի հավանական վարչապետության և Հանրապետական կուսակցության: