Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ FIDE-ի, նախագահական կազմը խնդրել է կազմակերպության ղեկավար Կիրսան Իլյումժինովին հրաժարական տալ: Հրաժարականի պահանջը կապված է ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների հետ, հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Իլյումժինովn ԱՄՆ պատժամիջոցներին ենթակաների ցուցակում է հայտնվել 2015-ի վերջում Սիրիայի կառավարության նյութական օժանդակության և ի շահ նրա գործելու համար:
Ապրիլի 7-8-ը տեղի ունեցած խորհրդի նիստին մասնակցել է 15 անդամ, հրաժարականին դեմ է արտահայտվել միայն 1-ը:
Ավելի վաղ FIDE-ն հայտնել էր, որ շվեյցարական UBS բանկը մտադիր է փակել ֆեդերացիայի հաշվեհամարներն Իլյումժինովի դեմ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով, ինչը կարող է ֆինանսական խնդիրների պատճառ դառնալ, գրում է ՏԱՍՍ-ը:
FIDE-ի փոխնախագահ Գեորգիոս Մակրոպուլոսը հայտարարել է կազմակերպության ղեկավարի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին:
Ընտրություններն անցնելու են 2018-ի հոկտեմբերի 3-ին Բաթումում: