10 ապրիլի 2018 - 14:44 AMT
Ցուկերբերգը՝ Կոնգրեսում. Դա իմ սխալն էր

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի էներգետիկայի և առևտրի կոմիտեն ապրիլի 9-ին հրապարակել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի ցուցմունքները սոցցանցի օգտատերերի տվյալների արտահոսքի վերաբերյալ:

Ցուկերբերգի ցուցմունքներում մանրամասն շարադրված է ոչ միայն Cambridge Analytica-ի հետ կապված սկանդալը, այլ նաև ԱՄՆ ընտրություններին ՌԴ ենթադրյալ միջամտության հետ կապված պատմությունը: Նկարագրված է նաև, թե սոցցանցն ինչ քայլեր է ձեռնարկել խուսափելու համար այդ իրավիճակներից, գրում է Meduza-ն:

Բացի այդ, Ցուկերբերգը խոստովանել է, որ իր անձնական մեղքը ևս կա այն բանում, որ սոցցանցը կարող էր օգտագործվել կեղծ տեղեկատվության տարածման, ատելության բորբոքման, ընտրություններին օտար երկրների միջամտության և օգտատերերի տվյալների ապօրինի փոխանցման համար:

«Մենք բավարար չափով չէինք հասկանում մեր պատասխանատվությունը և դա մեծ սխալ էր: Դա իմ սխալն էր, ես ներողություն եմ խնդրում: Ես եմ հիմնել Facebook-ը, ես եմ կառավարում սոցցանցը և ես պատասխանատու եմ ամեն ինչի համար, ինչ կատարվում է ցանցում»,-հայտարարել է Ցուկերբերգը:

Ապրիլի 10-ին և 11-ին Մարկ Ցուկերբերգը ցուցմունք է տալու ԱՄՆ Կոնգրեսում սոցցանցի օգտատերերի տվյալների արտահոսքի մասին: Ավելի վաղ Ցուկերբերգը հրաժարվել էր ցուցմունք տալ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում՝ առաջարկելով իր փոխարեն իր տեղակալներից մեկին ուղարկել: Բրիտանացի խորհրդարանականները վրդովված էին այդ որոշումից:

Facebook-ի շուրջ սկանդալը սկսվել է մարտի 16-ին, երբ հայտնի դարձավ, որ սոցցանցից միլիոնավոր մարդկանց անձնական տվյալ է արտահոսել բրիտանական Cambridge Analytica ընկերությանը։ Մասնագետները կարծում են, որ հավաքագրված տվյալներն օգտագործվել են ԱՄՆ նախագահի ընտրությունների ու Brexit քվեարկության ժամանակ: Բրիտանական Cambridge Analytica մասնավոր ընկերությունը ստացել է առնվազն 87 մլն Facebook օգտատիրոջ անձնական տվյալ։ Ավելի վաղ համարվում էր, որ ընկերությունը ստացել է 50 մլն օգտատիրոջ տվյալներ։