14 ապրիլի 2018 - 15:03 AMT
Խվորոստովսկու հուշարձանի հեղինակը կլինի Գեորգի Ֆրանգուլյանը

Մոսկվայի նորակառույց «Զարյադյե» զբոսայգում կկանգնեցվի հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկու հուշարձանը: Հուշարձանի հեղինակը կլինի քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանը:

Մոսկվայի քաղաքային դումայի մոնումենտալ արվեստի հանձնաժողովն ապրիլի 12-ի նիստում քննարկել է հուշարձանի տեղադրման հետ կապված մանրամասները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հուշարձանը կտեղադրվի հունիսին:

Դմիտրի Խվորոստովսկին վախճանվել է 2017-ի նոյեմբերի 22-ին Լոնդոնում 55 տարեկանում երկարատև ծանր հիվանդությունից հետո: 2015-ի հունիսին երգիչը հայտարարեց, որ տառապում է գլխուղեղի քաղցկեղով:

Ֆրանսիական Նիսի Nice Opera-ում դեբյուտից հետո Խվորոստովսկուն սկսեցին հրավիրել աշխարհի լավագույն օպերային թատրոնները: Նա երգել է Լոնդոնի Քովենթ Գարդենում, Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում, Չիկագոյի Լիրիկ օպերայում, Փարիզի օպերայում, Միլանի Լա սկալայում: