Ապրիլի 19-ին մեկնարկում է Մոսկվայի միջազգային կինոփառատոնը: Հայաստանը 2 ֆիլմ է ներկայացրել փառատոնին՝ ռեժիսոր Կոտտայի ռուս-հայկական արտադրության «Սպիտակ» գեղարվեստական ֆիլմն ու Դիանա Կարդումյանի «Տոմբեն»:
Հիմնական մրցույթին 16 ֆիլմ է մասնակցում, այդ թվում ռեժիսոր Ալեքսանդր Կոտտայի «Սպիտակը», իսկ «Տոմբեն» մասնակցում է կարճամետրաժ ֆիլմերի մրցույթին:
«Սպիտակը» 1988-ի ավերիչ երկրաշարժի մասին է, Գոռի մասին, որը, հեռանալով Հայաստանից լավ կյանք որոնելու, հետ է վերադառնում երկրաշարժից հետո գտնելու համար իր տունը, իր ընտանիքի անդամներին, սակայն, արդեն ուշ է: Գլխավոր դերը կատարում է Լեռնիկ Հարությունյանը:
Դիանա Կարդումյանի «Տոմբե» ֆիլմի տևողությունը 19 րոպե է: Այն պատմում է բռնության ենթարկված ու իր կարգավիճակի հետ հարմարված կնոջ՝ Կառայի, մասին:
Ժյուրին գլխավորում է իտալացի պրոդյուսեր Պաոլո դել Բրոկոն, որի կազմում է նաև հայազգի ռուսաստանաբնակ ռեժիսոր Աննա Մելիքյանը:
2018-ի մոսկովյան կինոփառատոնը 2 ամիս շուտ է մեկնարկում՝ ապրիլի 19-ին: Բացումը տեղափոխվել է ամռանը Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության պատճառով: