19 ապրիլի 2018 - 18:40 AMT
ՀՅԴ-ն կոչ է արել քաղուժերին նախագահի հովանու ներքո քաղխորհրդակցությունների հարթակ ստեղծել

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կոչ է արել խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերին, ՀՀ նորընտիր նախագահի հովանու ներքո առկա խնդիրներին համատեղ, համախոհության սկզբունքով լուծումներ գտնելու և ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով քաղաքական խորհրդակցությունների հարթակ ստեղծել: Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցության մամուլի ծառայությունը:

«Վերջին օրերին մեր երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերը, հանրահավաքները համակարգային փոփոխությունների, որակական, խորքային բարեփոխումների հանրային պահանջի վկայությունն են: Քաղաքացիական ակտիվությունը երկրի զարգացման և ժողովրդավարության կարևորագույն գրավականն է: Սակայն առճակատման տանող դիմակայությունը փակուղի է և կարող է պառակտել համազգային մեր ներուժը։ Ամենքս ներկա գործընթացը արդյունավորելու, լուծումներ գտնելու հրամայականի առջև ենք: Ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը պետք է լինի այնպիսին, որից կշահի թե' Հայաստանի քաղաքացին, թե' երկիրը», - նշվում է հաղորդագրության մեջ:

Ըստ ՀՅԴ-ի, անելիք ունեն առաջին հերթին իշխանությունները, քաղաքական ուժերն ու գործիչները: