20 ապրիլի 2018 - 12:31 AMT
Քյոլնի դատարանը թույլատրել է ապամոնտաժել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը

Քյոլնում կարող են ապամոնտաժել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը, որը բացվել է մի քանի օր առաջ առանց քաղաքապետարանի համապատասխան թույլտվության: Ապրիլի 19-ին այդպիսի որոշում է կայացրել Քյոլնի վարչական դատարանը, գրում է Deutsche welle-ն:

«Հիշել ցեղասպանության մասին» խմբի ակտիվիստները Քյոլնում ապրիլի 15-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան են տեղադրել: Հեղինակներն են քանդակագործներ Շտեֆան Կայզերն ու Մաքս Շոլցը: 1,5 մետր բարձրությամբ պողպատե քանդակը տեղադրվել է Հռենոսի ձախ ափին, Գոգենցոլերներին կամրջի մոտ: «Այդ ցավը բոլորինս է»,-գրված է հուշակոթողին հայերեն, անգլերեն, գերմաներեն և թուրքերեն լեզուներով:

Հեղինակները փորձել են դատարանում պաշտպանել հուշարձան կանգնեցնելու իրենց իրավունքը: Ըստ դատավորի, հեղինակները չունեն հատուկ հիմունքներով հասարակական կառույցներից օգտվելու թույլտվություն և չեն էլ կարող հավակնել նման թույլտվության: Ըստ դատավորի, հուշարձան կանգնեցնելու իրավունքը չի բխում կարծիքի ազատ արտահայտման իրավունքից, քանի որ այդ իրավունքը չի կանոնակարգում հանրային վայրերում հուշարձանների տեղադրումը:

Նախաձեռնող խումբը կարող է բողոքարկել դատարանի որոշումը Մյունսթերում՝ Գերագույն վարչական դատարանում: