22 ապրիլի 2018 - 10:03 AMT
Ոստիկանները ծեծել են «Ազատության» ծրագրի թողարկչին

Երևանի Գարեգին Նժդեհ հրապարակում ոստիկանները ծեծել են«Ազատության» ծրագրի թողարկիչ Անատոլի Եղիազարյանին։ Այս մասին գրում է«Ազատություն» ռադիոկայանը:

Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ, աշխատանքից տուն վերադարձող Եղիզարյանը փորձել է հեռախոսով նկարահանել՝ ինչպես է մոտ հինգ տասնյակ ոստիկան ուժ գործադրելով ցրում հրապարակն ավտոմեքենաներով արգելափակած վարորդների հավաքը։

«Նկատելով, որ իրենց գործողությունները նկարահանվում են, վեց֊յոթ ոստիկան հարձակվել է Եղիազարյանի վրա։ Նա կրելիս է եղել «Ազատության» ծառայողական վկայականը և այն հստակ ցուցադրել է, բացի այդ մի քանի անգամ զգուշացրել է, որ ինքը «Ազատություն» ռադիոկայանից է։ Անտեսելով այս ամենը, ոստիկանները նրան տապալել են գետնին և ոտքերով ու ձեռքերով հարվածներ հասցրել, մասնավորապես՝ մեջքի և ստամոքսի հատվածներում։ Ոստիկանները նրան թողել են այն բանից հետո, երբ միջադեպին խառնվել են անցորդները», - գրում է աղբյուրը:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման դեմ պայքարող ցուցարարները ավտոերթ էին իրականացնում Գարեգին Նժդեհի հրապարակում: