22 ապրիլի 2018 - 11:03 AMT
Փաշինյան. Արյունահեղությամբ թող մեզ չվախեցնեն

Ապրիլի 22-ին առավոտյան ժամը 10:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ԶԼՄ-ների ներկայությամբ կայացել է ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանի և ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Բանակցությունները դեռ չսկսված ավարտվել են:

Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Նրանցից մեկի դիտարկմանը, թե ինչպես պետք է կանխվի արյունահեղությունը՝ հաշվի առնելով, որ Սարգսյանը խոսում էր Մարտի մեկից, Փաշինյանն ասել է, որ նրանք որևէ իրավական հիմք չունեն հավաքը ցրելու:

Նա մեջբերել է «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի երկրորդ մասը:

«Եթե հավաքը խաղաղ բնույթ ունի, ապա ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում պարտավոր է աջակցել հավաքին»,- մեջբերել է Փաշինյանը՝ հավելելով, որ արյունահեղությամբ թող չվախցենեն:

«Մարտի մեկից Սերժ Սարգսյանը դասեր չի քաղել, և ես համոզված եմ, որ այդ դասը կքաղի այս քաղաքական պրոցեսի ընթացքում: Ես հայտարարում եմ, որ ներկայացնում եմ ՀՀ-ի տասնյակ հազարավոր քաղաքացիներին, մեր շարժումն ունի Հայաստանի 90%-ի աջակցությունը», - ասել է ընդդիմադիր գործիչը: