23 ապրիլի 2018 - 00:28 AMT
Մոսկվայի հայկական եկեղեցու մոտ ցույցը ցրել են, մեքենա են կոտրել

Ապրիլի 22-ին Մոսկվայի հայյկական եկեղեցու մերձակայքում տեղի ունեցած Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ցույցը ցրել են տեղի իրավապահները։

Ռուսաստանցի հայտնի բլոգեր Իլյա Վարլամովը տեղեկացրել է դեպքի մասին Telegram-ի իր ալիքում՝ հրապարակելով ականատեսների լուսանկարներն ու տեսանյութերը։

Տեսանյութերից մեկում երևում է` ինչպես է ոստիկանների խումբը հարձակվում ակցիայի մասնակիցներից մեկի մեքենայի վրա, որը վթարվում է՝ հարվածելով այլ մեքենաների։

Ոստիկանները նաև կոտրել են մեքենայի ապակին։

Մոսկովյան ակցիային մոտ 300 մարդ է մասնակցել։

Հայաստանում 10-րդ օրն անընդմեջ ցուցարարները պայքարում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Ապրիլի 22-ի առավոտյան Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև կարճատև զրույց է կայացել։ Փաշինյանն ասել է, որ պատրաստ է քննարկել միայն Սարգսյանի հրաժարականի ու անցնցում հեռանալու պայմանները, վարչապետը դա շանտաժ է որակել ու ասել, որ Փաշինյանը Մարտի 1-ից դասեր չի քաղել։ Ի պատասխան Փաշինյանն ասել է, երկրում վիճակն այնպիսին չէ, ինչպես 15 օր առաջ, հայտարարել, որ իշխանությունը ժողովրդինն է։ «Ժողովրդի անունից 7-8 տոկոս հավաքած խմբակցությունը չի կարող խոսել, եթե չեք ուզում կատարել պետության օրինական պահանջը՝ ցտեսություն», - պատասխանել է Սարգսյանը և հեռացել։