24 ապրիլի 2018 - 14:07 AMT
Ուկրաինայում Ցեղասպանության տարելիցի միջոցառումներ են

Ապրիլի 23-ին Կիևի միջազգային համալսարանում Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային կոմիտեի ղեկավար, պատմաբան Դավիթ Դավթյանը Հայոց ցեղասպանության թեմայով դասախոսություն է կարդացել:

Համալսարանի պրոֆեսոր Խաչատուր Խաչատրյանը կարևորել է նման միջոցառումների անցկացումը, գրում է AnalitikaUA.net-ը:

«Նման միջոցառումները պետք է որքան հնարավոր է հաճախ անցկացնել, քանի որ դրանք բացահայտում են պատմական ճշմարտությունը, որը չի կարելի թաքցնել: Հարկավոր է, որ մարդիկ իմանան նման հանցագործությունների մասին, քանի որ դրանք չունեն վաղեմության ժամկետ: Առավել ևս, որ ուսանողների շրջանում կա մեծ շահագրգռվածություն, որոնք ցանկանում են իմանալ պատմության առաջին ցեղասպանության մասին»,-ասել է Խաչատրյանը:

Ապրիլի 24-ին և առաջիկա օրերին Ուկրաինայում բազմաթիվ միջոցառումներ են պլանավորված, երկրի մեծ քաղաքներում մեծաթիվ գովազդային վահանակներ են տեղադրվել, իսկ ազգային և տեղական հեռուստաալիքներով կներկայացվի Ուկրաինայի հայերի միության սոցիալական գովազդը «Շնորհակալություն կրկին վերածնվելու հնարավորություն համար. Հայեր»: Մի քանի քաղաքներում ավտոերթեր են նախատեսված:

Ապրիլի 24-ին Կիևում տեղադրված խաչքարի մոտ պատարագ կմատուցվի, որը կավարտվի խաղաղ երթով դեպի կենտրոն: Իսկ ավելի ուշ կբացվի ցեղասպանության մաիսն պատմող լուսանկարչական ցուցահանդես: