2 մայիսի 2018 - 14:46 AMT
Փաշինյանը կմտածի վարչապետի պաշտոնում երկրորդ անգամ առաջադրվելու մասին

Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության ղեկավար, հակակառավարական շարժման փաստացի ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կմտածի ՀՀ վարչապետի պաշտոնում երկրորդ անգամ առաջադրվելու մասին:

Մայիսի 2-ին, պատասխանելով երկրորդ անգամ առաջադրվելու հնարավորության մասին Reuters գործակալության հարցին, Փաշինյանն ասել է. «Կմտածենք և կքննարկենք»:

Ընդդիմության առաջնորդը հայտարարել է, որ անհնազանդության զանգվածային գործողությունները շարունակվելու են: «Մենք չենք հանձնվի»,-ասել է Փաշինյանը, գրում է ՏԱՍՍ-ը: «Մենք կշարունակենք գործադուլն ու անհնազանդությունը»,-ասել է նա:

Փաշինյանը չի բացառել, որ եթե խորհրդարանն արձակեն, իր ղեկավարած շարժումը կարող է բոյկոտել ընտրությունները: Սակայն, նա հավելել է, որ նման որոշում դեռ չի կայացվել:

«Չեմ կարող ասել հիմա...Ամեն ինչ կախված կլինի կոնկրետ իրավիճակից»,-ասել է նա:

ԱԺ-ն երկրորդ անգամ քվեարկության կդնի վարչապետի ընտրության հարցը մայիսի 8-ին: