Երևանում ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոմիտասի պողոտայում գտնվող HSBC բանկի վրա։
Միջադեպն ուղեկցվել է կրակոցներով, նախնական տեղեկություններով, կան վիրավորներ։
Shamshyan.com տեղեկություններով, հարձակման արդյունքում զոհ կա․ ով է զոհվածը, չի նշվում։
15:55. Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի ավազակային հարձակում կատարած անձը, դանակով, նռնակով, հրացանով զինված, ներխուժել է բանկ, վիրավորել երկու աշխատակցի, որոնցից մեկը մահացել է:
Ավազակային հարձակում կատարած անձը հափշտակել է գումար ու դիմել փախուստի: Սակայն հեռու փախչել չի հաջողվել:Դեպքի վայր ժամանած օպերատիվ խմբի կողմից շրջափակվելով` նա դիմադրություն է ցույց տվել, վիրավորել ոստիկաններից մեկին, սակայն արագորեն վնասազերծվել ու տեղափոխվել է ոստիկանություն:
15։36 Զոհից բացի 2 վիրավոր կա։
15։25 Դեպքի վայրից տեսանյութերից մեկի համաձայն, հարձակվողներից մեկին ոստիկաններն ու անցորդները վնասազերծել են․ ասֆալտին արյուն կա, հարձակվողի մոտ նռնակ ու հրազեն է եղել։
Ինչպես PanARMENIAN.Net-ին ասացին Ոստիկանության լրատվականից, օպերատիվ խմբերն ահազանգով մեկնել են դեպքի վայր ու այս պահին տեղում աշխատում են: Լրացուցիչ տեղեկատվություն կլինի ավելի ուշ: