Հայաստանում վերջին 2 շաբաթում տեղի ունեցած իրադարձությունների շարժիչ ուժը երիտասարդներն են՝ ուսանողներն ու դպրոցականները: Այդ մասին ասվում է ռուսական ՌԲԿ-ի վերլուծական հոդվածում, որը նվիրված է հայաստանյան իրադարձություններին:
Ըստ պարբերականի, հենց Երևանի երիտասարդ բնակիչներից սկսվեց բողոքի ալիքը, որին հետո միացան նաև սոցիալական այլ շերտերի ու սերնդների ներկայացուցիչները:
Նշվում է, որ Հայաստանում բողոքի ակցիաները կազմակերպելու և համակարգելու հիմնական գործիքներից մեկը եղել են սոցցանցերը, հիմնականում Facebook-ը։ Շարժումը ղեկավարող Նիկոլ Փաշինյանը Facebook-ով է դիմում իր համախոհներին: Նշվում է, որ եթե սկզբում ակտիվ էին միայն Facebook-ի օգտատերերը, ապա հետո շարժմանը միացել են նաև Twitter-ի, Telegram-ի և Instagram-ի օգտատերերը:
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշել է, որ Փաշինյանին հաջողվել է համոզել մարդկանց ցույցերին և երթերին համացանցով հետևելու փոխարեն դուրս գալ փողոց և միանալ պայքարին:
Ինչպես գրում է պարբերականը, Փաշինյանը բողոքը կառուցել է հայերի համար շատ պարզ ու հասկանալի թեմայի վրա՝ Սերժ Սարգսյանի դեմ դժգոհության: «Մենք մեր թրենդը դարձրեցինք այն, որ Սերժը պետք է հեռանա: Օգտագործեցինք Facebook-ն ու «Օդնոկլասնիկին»,-ասել է Փաշինյանի թիմակից Ալեն Սիմոնյանը:
«Փողոցի բոլոր կարգախոսները նվիրված էին Սերժ Սարգսյանի հեռանալու թեմային, նույնիսկ եթե հասցեագրված էին ՀՀԿ-ին»,-հավելում է նա:
«Այս հեղափոխության համար պետք է շնորհակալություն ասենք Ցուկերբերգին: Առանց Facebook-ի այս ամենը չէր լինի»,-ասել է ակցիաների մասնակից Մովսես Հովսեփյանը, որը հուշանվերների խանութների ցանցի սեփականատեր է:
Աղբյուրը ՀՀԿ-ում ՌԲԿ-ի թղթակցին ասել է, որ «սիրո հեղափոխությունը», ինչպես այն անվանում են մասնակիցները, միանգամայն անսպասելի էր իշխանությունների համար: Նա նշել է, որ ոչ ոք լուրջ չէր ընկալում Փաշինյանի արշավը, որն արդեն մոտ 20 տարի է ընդդիմադիր է և երբեք մեծ հեղինակություն չի վայելել հայերի մեծ մասի շրջանում, ասվում է հոդվածում: