7 մայիսի 2018 - 16:22 AMT
Պուտինը 4-րդ անգամ ստանձնել է ՌԴ նախագահի պաշտոնը

Վլադիմիր Պուտինը, որը վերընտրվել էր ՌԴ նախագահի պաշտոնում, մայիսի 7-ին 4-րդ անգամ ստանձնել է Ռուսաստանի նախագահի լիազորությունները: Նա կղեկավարի Ռուսատսանը ևս 6 տարի:

Երդմնակալության արարողությունը կայացավ Կրեմլի պալատում, ներկա է եղել 5.000 մարդ: Պուտինը երդվել է ձեռքը դնելով Սահմանադրության վրա և դիմել է ռուսաստանցիներին, գրում է ՌԻԱ Նովոստին:

Պուտինն ասել է, որ գիտակցում է «հսկայական պատասխանատվությունը ժողովրդի և Ռուսաստանի առջև»՝ որպես առաջնային խնդիրներ նշելով կրթությունը, առողջապահությունը, մայրության և մանկության պաշտպանությունը:

ՌԴ նախագահի ընտրությունները կայացել են 2018-ի մարտին: Պուտինը ստացել է քվեների 76,69%-ը: Առաջին անգամ Պուտինը նախագահ է ընտրվել 2000 թվականին՝ որպես Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի ժառանգորդ, երկրորդ անգամ՝ 2004-ին։