7 մայիսի 2018 - 15:56 AMT
ՊԲ հրամանատար. Իրադրությունը գնահատում ենք որպես հարաբերական կայուն

Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման առաջնագծում իրադրությունը կարելի է գնահատել՝ որպես հարաբերական կայուն: Մայիսի 6-ի դրությամբ խախտումները եղել են միայն հրաձգային զինատեսակներից: Այս մասին հայտարարել է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, հայտնում է «Արցախպրեսը»:

Նա տեղեկացրել է, որ հակառակորդի կողմից դուրս բերված զինտեխնիկան գտնվում է խորքում՝ իրենց կենտրոնացման շրջաններում, որի շարժերին ԱՀ պաշտպանության բանակն ուշադիր հետևում է:

«Այսօրվա շարժերն ուղղված են միայն առաջնային գծում հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների առօրյայի ապահովմանը և ոչ ավելին»,- նշել է Մնացականյանն՝ ընդգծելով, որ հայկական զինված ուժերը սահմանին զգոն ծառայություն են իրականացնում:

ԱՀ պաշտպանության բանակի մամլո ծառայության կողմից վերջին օրերին պարբերաբար տեսանյութեր էին հրապարակվում՝ սահմանին հակառակորդի զինտեխնիկայի և մարդուժի ինտենսիվ կուտակումների վերաբերյալ: