8 մայիսի 2018 - 12:31 AMT
«Կոմսոմոլսկայա պրավդան» ներողություն է խնդրել հայերից

«Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանը ներողություն է խնդրել հայերից հաղորդավարներ Յուրևի և Լեոնտևի արտահայտությունների համար: Ռադիակայանի գլխավոր խմբագիր Նատալյա Վորոնայան հայտնել է, որ աղմկահարույց «Գլավտեմա» հաղորդման եթերից հետո խմբագրությունը հսկայական քանակի վրդովված հաղորդագրություններ ու տարբեր կոչեր է ստացել:

«Գլավտեմա» հաղորդումը հայտնվեց սկանդալի կենտրոնում, երբ հաղորդավարններ Միխայիլ Լեոնտևն ու Միխայիլ Յուրևը վերջին մի քանի թողարկումները, մասնավորապես, ապրիլի 26-ի և մայիսի 3-ի թողարկումները, նվիրեցին հայաստանյան իրադարձություններին: Նրանք համեմատականներ են անցկացրել Հայաստանի և Ուկրաինայի «հեղափոխությունների» միջև, Հայաստանը «ՌԴ համար բեռ» համարելով, և կոչ են արել երկրի իշխանություններին «արյան մեջ խեղդել»՝ բողոքները ճնշելու համար:

Վորոնայան հայտարարել է, որ Յուրևն ու Լեոնտևը թույլ են տվել ոչ կոռեկտ արտահայտություններ և հայտարարություններ, որոնք ոչ միանշանակ են ընկալվել լսարանի կողմից, որի համար, գլխավոր խմբագիրն անձամբ ներողություն է խնդրում:

«Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում հնչած արտահայտությունների կապակցությամբ հայտարարություն էր տարածել Ռուսաստանի Հայերի միությունը՝ վրդովմունքն արտահայտելով և նշելով, որ հաղորդավարներն անցել են լրագրողական և մարդկային էթիկայի բոլոր սահմանները:

Change.org կայքում ստորագրահավաք է սկսվել ՌԴ քննչական կոմիտեին ուղղված դիմումի տակ, որի մասնակիցները խնդրում են պատասխանատվության ենթարկել «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի հաղորդավարներին՝ թշնամանք և ատելություն սերմանելու համար: