Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը շնորհավորել է ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ վերջինս ստանձնում է այդ հույժ պատասխանատու պաշտոնը պատմության վճռորոշ պահի:
«Մենք մոտիկից հետևեցինք Ձեր առաջնորդությամբ տեղի ունեցած ժողովրդական շարժմանը և Հայրենիքում արդարություն հաստատելու Ձեր խոստմանը: Գնահատեցինք Ձեզ, երբ ժողովրդին հեռու պահեցին բռնարարքներից ու արյունահեղությունից և սիրո ու համախոհության ոգին դարձրեցիք ժողովրդական շարժման մղիչ ուժը»,-ասվում է կաթողիկոսի ուղերձում:
Ուղերձում ասվում է նաև, որ ժողովուրդի թեկնածու լինելը մեծ պատիվ է և միաժամանկ՝ ծանր պարտականություն:
«Մեր սպասումն է, որ Ձեր խոստումները կյանքի կոչեք՝ բարոյական արժեքներն ու մարդու իրավունքները ամուր պահպանելով: Մեր սպասումն է, որ հայրենիքի ժողովրդի, Արցախի և հայ ազգի գերագույն շահն ու ձգտումները քաղաքական նկատառաումներից վեր դասեք և մեկ հայրենիք ու մեկ ազգ սկզբունքը Հայաստան-Սփյուռք գործակցությանը նոր ծավալ ու որակ տա»,-ասվում է ուղերձում:
Արամ Առաջինն իր զորակցությունն է հայտնել Փաշինյանին և նրա կառավարությանը՝ նշելով, որ միշտ գործուն մասնակիցն է լինելու հայրենաշինության առաքելությանը։
ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար, հակակառավարական շարժման փաստացի առաջնորդ և ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրվել է Հայաստանի վարչապետ:Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում նրա օգտին է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 42: