10 մայիսի 2018 - 11:55 AMT
Ամերիկայի Հայ դատը կոչ է արել ԱՄՆ-ին $140 մլն դրամաշնորհ հատկացնել ՀՀ-ին

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելուց անմիջապես հետո նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին՝ խնդրելով սատարել ՀՀ-ում խաղաղ, աննախադեպ և սահմանադրական իշխանափոխությանը: Հանձնախումբն առաջարկել է արագացնել Հայաստանին 140 մլն դոլարի հատկացումը «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրի շրջանակում, որն ուղղվելու է գիտության, տեխնոլոգիաների, ճարտարապետության, արվեստի և մաթեմատիկայի զարգացմանը (STEAM): Այդ մասին ասվում է Հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանի Պոմպեոյին ուղղված նամակում:

«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան ստեղծվել է 2004-ին աշխարհի ամենաաղքատ երկրների զարգացմանը նպաստող ԱՄՆ Պետդեպարտամենտի ծրագրի շրջանակում:

«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան Հայաստանում ժողովրդավարության զարգացման այդ դժվար պահին կարող է կենտրոնական դեր ունենալ հայ-ամերիկյան հարաբերությունների այս նոր փուլում: Ուստի մենք դիմում ենք ձեզ ՝ հորդորելով անհապաղ քննարկումներ սկսել Հայաստանի հետ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրի հիման վրա նոր համաձայնագրի քննարկումը: Նման համաձայնագիրը նոր հնարավորություններ կտա նոր սերնդին կրության, տնտեսական գործակցության ամրապնդման, ինչպես նաև հայ և ամերիկյան ժողովրդներին կապող բարեկամության ամրապնդման համար»,-ասվում է Համբարյանի նամակում:

Նամակում հիշատակվում է, որ «Հազարամյակի մարտահրավերները» նման ծրագիր է իրականացրել Վրաստանում՝ $75 հատկացնելով դպրոցների ենթակառուցվածքների զարգացման, $30 մլն՝ STEAM ծրագրի և ևս $15 մլն՝ ամառային դպրոցական ծրագրերի համար:

Ենթադրվում է, որ գումարը ՀՀ-ին կհատկացվի 5 տարվա ընթացքում:

Վարչապետի պաշտոնում ընտրվելուց առաջ Փաշինյանը հայտարարել էր, որ իր տնտեսական քաղաքականության գլխավոր առաջնայնությունը լինելու է բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և զբոսաշրջության զարգացումը: