10 մայիսի 2018 - 16:27 AMT
Փաշինյանը վարչապետի աշխատակազմի ղեկավար է նշանակել

Նիկոլ Փաշինյանը կառավարությունում առաջին նշանակումն է կատարել՝ Էդուարդ Աղաջանյանին վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակելով:

«Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասը՝ Էդուարդ Աղաջանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար», - ասված է Փաշինյանի ստորագրած որոշման մեջ։

Էդուարդ Աղաջանյանը ծնվել է 1988թ. Երևանում։

2005-ին ավարտել է «Կուպալյան» մասնավոր վարժարանը, 2012-ին ստացել բակալավրի կոչում՝ Մոնակոյի միջազգային համալսարանի բիզնես ադմինիստրացիայի ֆակուլտետ։ 2016-ին ստացել է մագիստրոսի կոչում՝ Մոնակոյի միջազգային համալսարանի ֆինանսական ակտիվների կառավարման ֆակուլտետ։

2014-2017թթ. զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ՝ հանրային սննդի կազմակերպման ոլորտում։

Նիկոլ Փաշինյանը նոր կառավարությունը պետք է ձևավորի վարչապետի ընտրություններից հետո 15 օրվա ընթացքում: